Մատչելիության հղումներ

Հայ գերիները Բաքվում հանդես են գալիս եզրափակիչ խոսքով


Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այսօր ամբաստանյալները սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։

Առաջինը դատարանին է դիմել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ադրբեջանական կողմի պնդմամբ` նա իբր նշել է, թե 1993 թվականին Քելբաջարի գրավման ժամանակ տեղի ունեցած առնվազն երկու միջադեպեր «ռազմական հանցագործություններ էին»։

Հարությունյանն ընդգծել է, որ ինքը բավարար չափով տեղեկացված մարդ է, բայց 1993-ին Քելբաջարի թունելում տեղի ունեցածի մասին իմացել է հենց դատարանում: Քելբաջարի Բեյլիք Բաղում տեղի ունեցածի մասին ևս Բաքվում է լսել:

«Անկասկած, դրանք ռազմական հանցագործություններ են և ունեն իրենց մեղավորները: Եվ եթե մեղավորները չպատժվեն այս աշխարհում, ապա նրանք իրենց պատիժը կկրեն այն աշխարհում», - ասել է Արցախի նախկին նախագահը:

Անկախ աղբյուրներից Հարությունյանի կողմից նման հայտարարություններ հնչեցնելու մասին որևէ հաստատում չկա։ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարությանը անկախ լրատվամիջոցներ և օտարերկրյա դիվանագետներ չեն մասնակցում։

Խոսելով իրեն առաջադրված մեղադրանքներից՝ Արցախի նախկին նախագահը հայտարարել է՝ չի ընդունում դրանք:

2023 թվականին Արցախի հայաթափումից հետո գերեվարված Արայիկ Հարությունյանը մեղադրվում է ռազմական ծանր հանցագործությունների՝ հանցավոր խմբավորման մեջ ներառվելու, առևտրային ապօրինի գործունեությանը մասնակցելու, վարձկանության, վնաս պատճառելու, Գյանջայի օդանավակայանին ավիահարվածներ հասցնելու, սպանության, բռնության դրվագներով:




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG